Հայ գյուտարարներ

Աշխարհը փոփոխած գյուտերի հայ հեղինակները

Աշխարհը փոփոխած գյուտեր, հայտնագործություններ, որոնցով պայմանավորվել է նաև քաղաքակրթության զարգացումը: Այդ գյուտերից շատերը մեզնից յուրաքանչյուրը կիրառում է ամեն օր, բայց ոչ բոլորը գիտեն, որ դրանց հեղինակները հայեր են:

Ամերիկյան դոլարի կանաչ գույնը ստեղծել է հայազգի քիմիկոս Քրիստափոր Տեր-Սերոբյանը: Ժամանակին քիմիկոսը ստացավ մի գույն, որը հնարավոր չէ կեղծել:

Հայազգի գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանն ավելի քան 200 գյուտի հեղինակ է: Մեր ժամանակների Էդիսոնին են պատկանում բանկոմատի, ինքնանկարող լուսախցիկի, հեռուտահուշարարի, մանրադիտակային պատկերների լուսարձակի գյուտերը:

1914 թվականին առաջին պլաստիկ վիրաբուժությունը կատարել է Վարազդատ Քազանջյանը: Նա առաջին գիտնականն էր, ով պլաստիկ վիրաբուժության ոլորտում արժանացավ պրոֆեսորի կոչմանը:

Արթուր Բուլբուլյանը ԱՄՆ Ռազմա օդային ուժերի կլինիկայում աշխատելու տարիներին ստեղծել է A14 թթվածնային դիմակը։ Ամերիկյան ռազմաօդային ուժերն այն օգտագործել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Ալեք Մանուկյանը 1954 թվականին արտոնագրեց միաբռնակ ծորակը, որից կարող էր և տաք և սառը ջուր հոսել: Սա հեղափոխություն էր ջրամատակարարման համակարգում:

Ռեյմոնդ Վահան Դամադյանը ստեղծել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը (ՄՌՏ), ինչի շներհիվ հնարավոր է դարձել ավելի հեշտ ու արագ հայտնաբերել ու բուժել շատ հիվանդություններ և զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության:

Ասատուր Սարաֆյանին են պատկանում ավտոսիրողներին քաջ հայտնի բենզինային պոմպի (արտոնագրված 1961 թվականին` թիվ 2.977.862 արտոնագրով), ինչպես նաև ավտոյուղի չափիչի (արտոնագրված 1957 թվականին` թիվ 2.977.813 արտոնագրով) գյուտերը:

ԱՄՆ կառավարության կողմից Ասատուր Սարաֆյան-Բենքերի ամենաարժեքավոր հայտնագործություններ են համարվել ուղղաթիռի տրանսմիսիայի` Սիկորսկու շարժիչի փոխանցման տուփը (արտոնագրված 1949 թվականին` թիվ 2.492.831 արտոնագրով) և գունավոր տպագրության սարքը (արտոնագրված 1932 թվականին` թիվ 1.879.597 արտոնագրով): Բենքերի հիմնական ուշադրությունը սևեռված էր ավիացիոն մեխանիզմի վրա: Նա աշխատում էր առաջին փորձարարական Սիկորսկու ուղղաթիռի վրա, որը երկինք բարձրացավ 1939թ.-ին: Սիկորսկու և Բենքերի համատեղ հայտնագործությունները հանգեցրին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ուղղաթիռների մասսայական արտադրության:

Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է. 1925թ. Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը: Նրա մշակած եռագույն հեռուստատեսությունն առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում 1928թ.:

Ռոջեր Էդուարդ Քոլինգվուդ Ալթունյանը ասթմայի, ալերգիայի բուժման համար նախատեսած ինhալյատորի և նատրիումի կրոմոլինի, քթի սպրեյների և աչքի կաթիլների հեղինակն է:

Ավելի քան 80 գիտական աշխատությունների և 40 գյուտերի հեղինակ Արտաշես Հայկանյանը ստեղծել է սննդի համար նախատեսած առաջին պլաստիկ տարաները, ավտոմեքենայի դիմապակու վրա գտնվող կապույտ արևպաշտպան շերտը, Coca Cola–ի պլաստիկե շշերի արտադրության մեքենան:

Պատմության ամենատարբեր ժամանակաշրջաններում, տարբեր մայրցամաքներում հայերը նվաճել ու նվաճում են աշխարհն ու նպաստում մարդկության զարգացմանը: Հետադարձ հայացք ձգելով անցյալի գյուտերին, վստահ կարող ենք ասել, որ առջևում նոր գյուտեր են սպասվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Оставьте комментарий